Ներկայիս իշխանությունները պետք է հեռացվեն, պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն. Մենուա Սողոմոնյան

Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ իրավիճակն այս պահին կրիտիկական է, և քննարկումները նրա համար են, որ փորձեն տալ մի շարք հարցերի պատասխաններ, հանրությունից ստանալ հարցեր, դիտարկումներ, կարծիքներ: Այնուհետև նա խոսեց առաջիկա մի քանի կարևոր քայլերի մասին: «Առաջին հերթին ներկայիս իշխանությունները պետք է հեռացվեն, և պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների ժամանակավոր կառավարություն, որն իր առաջ հստակ գործողություններ կդնի: Հետագա քայլերը վերաբերում են հետևյալին, որ առաջին հերթին պետք է կտրուկ քայլերով բարձրացնել բանակի պաշտպանողականությունը, վերականգնել բարոյահոգեբանական մթնոլորտը: Արտաքին սպառնալիքները կանխել դիվանագիտական ճիշտ ռազմավարությամբ, երրորդ հերթին երաշխավորել տնտեսական ազատությունները և սոցիալական արդարությունը, որ ոչ մի քրեական խումբ չառիթավորվի, որ երկրում այսպիսի իրավիճակ է ստեղծվել, չորրորդ՝ մեկ տարվա ընթացքում ապահովել արդար խորհրդարանական ընտրություններ: Կարևոր նկատառում՝ ժամանակավոր կառավարության մաս չի կարող կազմել Հայաստանը ղեկավարած ոչ մի նախկին պաշտոնյա: Այսօր գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն են ապահովում, իսկ իրենց դեմ խոսողները մոտեցնում են պատերազմը, մասնավորպես խոսք է գնում, որ հայ-թուրքական հարաբերություններում հիմա տարվող ուղեգիծը շատ ճիշտ է, դրանով կառավարվում է թշնամանքը, իսկ եթե ուղեգծից շեղվում ենք, ապա մեծացնում ենք պատերազմի վտանգը: Ես կասեմ՝ հակառակը: Ներկայիս այդ ուղեգիծը ոչ մի կապ չունի արտաքին սպառնալիքները հավասարակշռելու հետ, դա մեկ փաթեթով հաշտեցման պայմանագիր է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ ռիսկային է հիմա, քանի որ դեռևս այդ ռիսկերը չկառավարվող են: