Եվրախորհրդարանում ԵՄ-ն անվանել են ԱՄՆ-ի վասալ

Եվրամիությունը զոհաբերում է իր տնտեսական և անվտանգության շահերը՝ հանուն ԱՄՆ-ի, որը ձգտում է դիմակայել Ռուսաստանին: «Գլոբալ Թայմս»-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դեյլին:

«Եվրոպան խոսում է ավելի անկախ դառնալու ցանկության մասին: Բայց Ուկրաինայում ռուսական օպերացիայի մեկնարկով եվրոպական ինքնավարության գաղափարը վերացավ, և նրանք բառացիորեն իրենց պահում են որպես Միացյալ Նահանգների վասալներ: Նրանց սեփական տնտեսական և անվտանգության շահերը զոհաբերվում են Ռուսաստանին հակադրվող ԱՄՆ շահերին»,- ընդգծել է խորհրդարանականը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ողջ Եվրոպայի քաղաքացիների շահերից է բխում խաղաղության մեջ ապրել Ռուսաստանի հետ, և դրան հասնելու միակ ճանապարհը անվտանգության մասին բանակցելն է ոչ թե նրա դեմ, այլ նրա հետ: «Սակայն, ցավոք, Եվրոպան ճիշտ հակառակն է անում»,- ասել է Դեյլին։

Միաժամանակ, ինչպես նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը, ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին խոսակցությունները նվազեցնում են ԵՄ-ի ռազմավարական անկախությունը։ «ՆԱՏՕ-ն երբեք ոչ մի տեղ խաղաղություն չի բերել: Իրականում դաշինքը լուծում է իր իսկ ստեղծած խնդիրները: Եվ ես կարծում եմ, որ Լիբիան և մյուս երկրները, որոնք հաջողվել է ավերել, դա շատ հստակ ցույց են տալիս: Այնպես որ, նրանք բոլորովին էլ խաղաղապահ ուժ չեն ոչ միայն ներկա, այլև անցյալ ճգնաժամերում»,- ասել է նա։