Արցախի պետնախարարը Իլհամ Ալիևին պատմական որոշ փաստեր է հիշեցրել

Արտակ Բեգլարյանն իր Telegram ալիքում գրել է, որ օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահը, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, որ խորհրդային տարիներին ադրբեջանական բնակչությունը ԼՂԻՄ-ում մեծամասնություն է կազմել։ Սակայն իրականությունն այլ է։

Արցախի պետնախարարը նշել է, որ 1921 թվականին ադրբեջանական բնակչությունը կազմում էր ԼՂ բնակչության 4%-ը, հետո, ըստ ԽՍՀՄ մարդահամարի այն աճել է` 1989 թվականին հասնելով մինչև 21%։ Մնացածը հայեր են եղել և շատ փոքր տոկոս օտարերկրացիներ։

Խորհրդային տարիներին ադրբեջանցիների թվի կայուն աճը պայմանավորված էր բնիկ հայ բնակչության սպիտակ ցեղասպանությունով։

Ադրբեջանի իշխանությունները պետք է հիշեն, որ Արցախում միշտ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն, ասել է Բեգլարյանը։