Եվրամիությունը Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ ու համր դառնում

Ավստրիայի խորհրդարանի  Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետևանքները Եվրոպայի վրա։ Ըստ նրա՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա զգացվում է դրա ազդեցությունը (վառելիք, սննդամթերք, գնաճ և այլն)։ Գրում է «Էրմենիհաբերը»։

«Մինչ այժմ Եվրոպան Պուտինին «կառավարում էր» բնական գազի և աշխարհաքաղաքական գործոններով։ Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանին՝ փախստականների հարցով։ Արդյունքում թե Էրդողանի և թե Պուտինի կառավարությունները եվրադատարանի կողմից դատապարտվել են մարդու իրավունքների խախտումների համար: Իհարկե, Եվրամիությունը գիտի, թե որքան հակաժողովրդավարական են երկու կառավարություններն էլ, բայց իր շահերից ելնելով, մեկի հանգամանքը շահարկում է ավելի շատ, մյուսինը՝ ավելի պակաս»,- կարծում է Բերիվան Ասլանը։

Վերջինս դժգոհում է, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում. Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ և համր դառնում։ Այդուհանդերձ ավստրիացի պատգամավորի համոզմամբ՝ Էրդողանի վերադարձի հնարավորությունները արդեն սպառվել են, տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հասել է իր գագաթնակետին, եվրաինտեգրման հարաբերությունները վերջին տարիներին սողեող վիճակում են։ Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի, որպեսզի մնա իշխանության ղեկին և շտկի իրավիճակը։