Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին որոշումը խախտում է ԵՄ պատժամիջոցները

Եվրահանձնաժողովը վերլուծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին հրամանագիրը և զգուշացրել ԵՄ անդամ երկրներին, որ այն խախտում է ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո, հայտնում է Bloomberg-ը` հղում անելով աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը անդամ երկրներին ներկայացրել է փաստաթղթի նախնական իրավական վերլուծությունը։ Բրյուսելի կարծիքով՝ Պուտինի հրամանագիրը «նոր իրավական հանգամանքներ» է ստեղծում: Ռուսաստանը կվերահսկի գործարքները և կկարողանա կարգավորել փոխարժեքը հօգուտ իրեն։ Փաստաթղթում ներկայացված մեխանիզմը կխախտի ԵՄ-ի «սահմանափակող միջոցները»՝ կապված ՌԴ կառավարության և Կենտրոնական բանկի հետ, կարծում է ԵՀ-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։