ՀՀԿ պատվիրակությունն Արցախում է. 168.am

Թեպետ ապրիլի 12-ին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չկարողացան մտնել Արցախ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, 168.am-ի տեղեկություններով, այսօր ժամանել է Ստեփանակերտ։

Պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քարոզչական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը։

Թե ինչ ծրագրով է ՀՀԿ-ն Արցախում, կայքը տեղեկություն չունի, սակայն հայտնի է, որ նախատեսված են հանդիպումներ Արցախի քաղաքական և օրենսդիր շրջանակների հետ։ ՀՀԿ պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի նաև Արցախի ազատագրության ու անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի խումբ պատգամավորների ռուս խաղաղապահները թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։