Չինաստանը օդային գործողությամբ շփոթեցրել է ՆԱՏՕ-ի երկրներին և ղեկավարությանը

Մենք, հավատարիմ մեր սկզբունքներին, ժամանակ առ ժամանակ փորձում ենք Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը հրավիրել, թե ինչ իրավիճակային և երկարաժամկետ ռազմավարական քայլեր է անում Չինաստանն ընդդեմ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի։ Մեր կարծիքով, այն, ինչ հայտնի  է դարձել ապրիլի 11-ին, նույնիսկ ավելին է, քան ուղղակի Չինաստանի քայլն ընդդեմ Արևմուտքի։ Պարզաբանենք։

Արևմտյան լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Սերբիան անցած հանգստյան օրերին ստացել է չինական զենիթային համակարգ՝ «քողարկված գործողության» շրջանակներում՝ Արևմուտքի մտավախությունների ֆոնին, որ ուկրաինական շարունակվող ճգնաժամի պայմաններում Բալկաններում ռազմական ուժերը կարող են սպառնալ տարածաշրջանի փխրուն խաղաղությանը: Ահա այդպիսին էր Արևմուտքի մտավախությունների բովանդակությունը, որը ներկայացնում է ամերիկյան «Associated Press» գործակալությունը (այսուհետ՝ AP)։ Բալկանյան ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶԼՄ-ները և ռազմական փորձագետները հայտնել են, որ Չինաստանի ռազմաօդային ուժերի Y-20 վեց տրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Բելգրադի օդանավակայանում ապրիլի 9-ի առավոտյան՝ իբր մատակարարելով HQ-22 զենիթահրթիռային համակարգեր Սերբիայի զինված ուժերին: Ռազմական գծանշումներով չինական ռազմատրանսպորտային ինքնաթիռները լուսանկարվել են Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում։

Չինական զենքի մատակարարումը Սերբիա ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երկու երկրների՝ Թուրքիայի և Բուլղարիայի տարածքներով, փորձագետների կողմից դիտվում էր որպես Չինաստանի աճող համաշխարհային, գլոբալ ազդեցության ցուցադրությունը: «Y-20-ի ներգրավվմամբ օպերացիան անակնկալ էր, քանի որ նրանք խմբակային թռիչք են կատարել, ոչ թե մեկ օդանավով թռիչքների շարք: Y-20-ների առկայությունը Եվրոպայում նոր երևույթ է», – նշում են արևմտյան ռազմական դիտորդները:

Իսկ սերբ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ռադիչը անկեղծացել է, ինչը միանգամայն հասկանալի է, իմանալով ուղղափառ սերբերի ատելության մասին Արևմուտքի և հատկապես ՆԱՏՕ-ի նկատմամբ. նա հայտարարել է, որ «չինացիները ուժի ցուցադրում են իրականացրել», և դա կոնկրետ Արևմուտքի համար է։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անուղղակիորեն հաստատել է միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգի մատակարարումը, որի գնման մասին համաձայնություն է ձեռք բերվել դեռևս 2019 թվականին՝ անցած շաբաթ օրը հայտարարելով, որ հաջորդ շաբաթ կներկայացնի Սերբիայի զինված ուժերի «վերջին հպարտությունը»։

Նախագահ Վուչիչը, ինչպես հայտնի է, ավելի վաղ բողոքել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ներկայացնում են Սերբիայի հարևանների մեծ մասը, հրաժարվում են թույլ տալ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել իրենց տարածքի վրայով՝ Ուկրաինայում մարտերի պատճառով Արևելյան Եվրոպայում լարվածության ֆոնին: Բացի այդ, Սերբիան, որը համարվում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը Եվրոպայում, հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, հիշեցնում է AP լրատվական գործակալությունը:

Ի՞նչն է տարակուսանք և, ըստ երևույթին, նույնիսկ գրգռվածություն առաջացնում Արևմուտքում: Դեռևս 2020 թվականին ԱՄՆ-ի պաշտոնական անձինք Բելգրադին նախազգուշացրել էին չինական HQ-22 հակաօդային համակարգեր գնելու մասին, որոնց արտահանման տարբերակը հայտնի է որպես FK-3։ Վաշինգտոնից մատնանշում էին, որ եթե Սերբիան իսկապես ցանկանում է անդամակցել Եվրամիությանը և այլ եվրատլանտյան ակումբներին, ապա պետք է իր ռազմական տեխնիկան համապատասխանեցնի արևմտյան չափանիշներին։ Ինչպես տեսնում եք, «ինչ-որ բան» չի աշխատել Սերբիայի ղեկավարության և ժողովրդի դեմ` Արևմուտքի շանտաժի առումով։

Չինական HQ-22 հրթիռային համակարգը հաճախ համեմատում են ամերիկյան «Պատրիոտ» և ռուսական С-300 ՀՕՊ համակարգերի հետ, թեև չինականն ավելի կարճ հեռահարություն ունի։ Սերբիան կդառնա Եվրոպայում չինական հրթիռների առաջին օպերատորը, նշում է AP լրատվական գործակալությունը։

Սակայն, մեր կարծիքով, այստեղ առանձնապես կարևոր չեն HQ-22 հրթիռային համակարգի տեխնիկական պարամետրերը։ Այստեղ կարևորն այն է, որ Չինաստանն ու Սերբիան ակնհայտորեն անտեսել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «նախազգուշացումները»։ Եվ այս քայլով Պեկինն ու Բելգրադը հասկացրել են ողջ մոլորակին, որ Չինաստանը և սերբերը բռնել են չին-հարավսլավական ռազմաքաղաքական դաշնագրի վերակենդանացման ճանապարհը, որը հռչակում էր, թե Չինաստանը և Հարավսլավիան ռազմաքաղաքական դաշնակիցներ են։ Իհարկե, Հարավսլավիա այլևս չկա, բայց Սերբիան Հարավսլավիայի, ինչպես նաև, ի դեպ, Հարավսլավիայի Թագավորության իրավահաջորդն է։ Եվ ահա՝ 2022 թվականին, աշխարհը տեսնում է, որ չինացիներն ու սերբերը կրկին մոտենում են ռազմական և քաղաքական դաշնակիցների մակարդակին։

Ուստի պետք է համաձայնել սերբ վերլուծաբան Ռադիչի հետ՝ հարված հասցնելով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի «թիկունքին», Չինաստանն իսկապես «ուժի ցուցադրություն» իրականացրեց։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Բուլղարիան նույնիսկ չեն համարձակվել պաշտոնապես «ուղեկցել» չինական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները մինչև Սերբիայի օդային տարածքի սահմանները, որքան էլ տարօրինակ է հնչում, ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ այլևս չկա… «ատլանտյան ռազմական համերաշխություն» Արևմուտքում։ Մենք հեռու ենք այն կարծիքից, թե ՆԱՏՕ-ի շարքերում ներքին պառակտում կա։ Սակայն հստակ տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի «կրտսեր գործընկերները» հակված չեն «ամերիկացիների հետ» բարձրանալ «բարիկադների վրա» Չինաստանի դեմ։ Համապատասխանաբար՝ նաև Չինաստանի դաշնակիցների դեմ…

Սերգեյ Շաքարյանց