Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները հակիրճ․ «Հենակետ»

12.04.2022

Ռազմական իրադրություն

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում գործում են քաջարի, գրագետ և արդյունավետ։
  • Գիշերը «Ազով» գումարտակը, որն իրականացնում է Մարիուպոլի պաշտպանությունը, հայտարարել է Մարիուպոլում ռուսական զորքերի կողմից քիմիական հարձակման մասին։
  • Լեհաստանը Ուկրաինային է հանձնել T-72M հնացած տանկեր և BVP-1 հետևակի մարտական մեքենաներ:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարել է. «Ես հաճախ եմ լսում հարցեր, Իսկ հնարավո՞ր է շուտ։ Կարելի է։ Դա կախված է մարտական գործողությունների ինտենսիվությունից, իսկ մարտական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, այսպես թե այնպես կապված է կորուստների հետ։ Մեր խնդիրն է հասնել նախանշված բոլոր նպատակներին՝ նվազագույնի հասցնելով այդ կորուստները։ Եվ մենք գործելու ենք ռիթմիկ, հանգիստ, ըստ պլանի, որն ի սկզբանե առաջարկվել է գլխավոր շտաբի կողմից»։
  • Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Կիևին հրետանային համակարգերի փոխանցման հարցի շուրջ։
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ, այդ թվում Լուգանսկի մարզում Տոշկովկա զինամթերքի պահեստը, ինչպես նաև Ուկրաինայի մարտական տեխնիկայի կենտրոնացման 8 հատվածներ Խարկովի մարզի Գլազունովկա, Պյատիգորսկ և Պրիշիբ բնակավայրերում:
  • Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ շարունակվում է հակառակորդի ստորաբաժանումների վերախմբավորումն ու տեղափոխումը Սլոբոժանի և Դոնեցկի ուղղություններով։ Պահպանվում է հակառակորդի կողմից հրթիռային զենքի կիրառման բարձր սպառնալիքը Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում։ Դոնեցկի ուղղությամբ հակառակորդի զորքերը շարունակում են ավիացիոն-մարտավարական հրթիռային համալիրների ինտենսիվ օգտագործումը: ՌԴ ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները փորձում են վերականգնել երկաթուղային կամուրջները Սվատովոյի շրջանում։ Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են։

Բանակցային գործընթաց

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Հատուկ գործողության ավարտի ժամկետները կախված են մարտական գործողությունների ինտենսիվությունից, մենք գործելու ենք ըստ պլանի։ Ուկրաինական կողմը հրաժարվել է Ռուսաստանի հետ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Արևմուտքը չի հասկանում, որ դժվարությունները միայն համախմբում են ռուս ժողովրդին»։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Եվրոպոլը հայտարարել է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ ակտիվների բացահայտման գործողության մեկնարկի մասին:
  • Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 398 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպությունների դեմ:
  • ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին ՌԴ-ից ձեռք չբերել զենք և սպառազինություն։ Հայտարարել է պետքարտուղար Բլինկենը։
  • Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ ստուգում են Մարիուպոլում «Ազով» գնդի մարտիկների նկատմամբ քիմիական հարձակման տեղեկությունները։ ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Մարիուպոլի արդյունաբերական գոտու գրոհի ընթացքում իբր քիմիական զենքի կիրառման մասին: Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռուսական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չունի։
  • Ֆրանսիան հայտարարել է ռուսական հատուկ ծառայությունների «գաղտնի օպերացիայի» բացահայտման և ռուսաստանցի վեց դիվանագետների արտաքսման մասին։
  • Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել են «Վոստոչնի» տիեզերակայան։ Քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի համագործակցությունը տիեզերական ոլորտում, երկրագնդի բարձր ճշգրտությամբ զոնդավորման նոր արբանյակի ստեղծան, պլազմային շարժիչների համար համատեղ աշխատանքի վերաբերյալ հարցեր։
  • Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Բուչայի իրադարձությունները բրիտանական հատուկ գործողություն է անվանել:

Ներքաղաքական իրադրություն

  • Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ուկրաինայում չեղյալ են հայտարարվում գարնանային զորակոչը և բանակից ժամկետային զինծառայողների զորացրումը:
  • Ուկրաինան գտնվում է մեծ սթրեսի մեջ, ամենավատ ֆինանսական վիճակում: Այժմ կա երկրի գոյատևման հարց»,- հայտարարել է Ուկրաինայի Ֆինանսների նախարար Մարչենկոն։

Միջազգային մամուլ

  • «The Guardian» բրիտանական պարբերականը գրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործում է Իրաքից բերված մաքսանենգ զենք։ Ռուսաստանը Իրաքից, մաքսանենգ զենքի իրանական ցանցերի միջոցով, ստանում է սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այդ մասին թերթին պատմել են իրաքյան խմբավորումների մարտիկներն ու տարածաշրջանային հետախուզության իր աղբյուրները։ Նշվում է, որ սպառազինության մեջ հիմնականում հակատանկային հրթիռներ են, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և նռնակներ։ Նաև նշվում է, որ Ռուսաստանին զենքը, մասնավորապես, փոխանցել է «Խաշդ աշ-Շաաբի» շիա խմբավորումը։
  • «Bild» գերմանական պարբերականը գրել է, որ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի իր գործընկեր Շտայնմայերին «Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի պատճառով»: