Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժումը ԶՈՒ և կառավարության, բայց նաև ՀԱՊԿ-ի ձախողումն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց նաև 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումների մասին՝ որպես այդպիսին հիշատակելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Փաշինյանը դա համարեց Հայաստանի կառավարության և զինված ուժերի ձախողումը, սակայն հավելեց, որ այն, թե ինչպես այդ ամենին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, նաև այդ կազմակերպության ձախողումն է:

«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար, թերևս, տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում: 2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և հետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա: Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ կատարվում է սահմանին, այլ այն, ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը: «Եվ երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափոխության շարժառիթ ձևակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ: Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը։

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլև հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման և ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել:  Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ քաղաքականացման հետևանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետևանք ունեցավ ի դեմս Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման և այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Վարչապետն ընդգծեց, որ իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաև կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում և ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»,- եզրափակեց Փաշինյանը: