Մարիուպոլում Ուկրաինայի ԶՈՒ հազարից ավելի ծովային հետևակայիններ են հանձնվել․ Քադիրով

«Ուկրաինայի զինված ուժերի հազարից ավելի ծովային հետևակայիններ այսօր հանձնվել են Մարիուպոլում։ Նրանց թվում կան հարյուրավոր վիրավորներ։ Սա ճիշտ ընտրություն է»,- գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը թելեգրամյան իր ալիքում։

Քադիրովի խոսքով՝ ուկրաինական խմբավորումներն ամեն օր մեկը մյուսի հետևից ջախջախվում են։ «Ուկրաինայի զինված ուժերի զինվորները չգիտեն՝ ինչ անել վիրավորների հետ, չեն հասկանում՝ ինչ անել և ուր դիմել, քանի որ դիմադրությունն անօգուտ է, իսկ մարտական ուժեր գրեթե չեն մնացել։ Ակտիվ են միայն առանձին փոքր խմբերը, որոնք չգիտես ինչու վախենում են սպիտակ դրոշով դուրս գալ և հանձնվել ռուսական կողմին»,-հավելել է Քադիրովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։