Պահանջում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը․ Գուրգեն Արսենյան (տեսանյութ)

«Ընդդիմության գործողությունները հղի են լուրջ վտանգներով Հայաստանի համար: Հայաստանի իշխանությունների ջանքերի՝ ուղղված խաղաղության օրակարգը ամրապնդելուն, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է ադրբեջանական համապատասխան ուժերի հետ համագործակցությունը ապահովելու նպատակով»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Պահանջում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: Պահանջում եմ մեր քաղաքական թիմից` կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ: Մենք չպետք է թույլ տանք արկածախնդիր որևէ քաղաքական թիմի կամ արկածախնդիր ղեկավարների խաղալ ՀՀ անվտանգության հետ, չպետք է թույլ տանք որպեսզի մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ընձեռնեն։
Եվս մեկ անգամ  պահանջում եմ ու սթափության կոչ եմ անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, այդ թվում նաև մեզ», – հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցում այս քառօրյային և մեկնում են Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում