Հարց է ծագում․ որտե՞ղ է առկա իբր սպառնալիք Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին, եթե վերջիններս ագրեսիվ նպատակներ չունեն Հայաստանի նկատմամբ․ Ոսկանյան

Ադրբեջանում և Թուրքիայում լրջորեն ահանգստացել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող թվիթերյան էջի և տելեգրամյան մի քանի ալիքների կողմից տարածված տեսանյութով՝ համարելով, որ դրանում սպառնալիք կա իրենց նկատմամբ։

Իրականում տեսանյութում, համաձայն Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հայտնի հայտարարության, խոսք է գնում միայն այն մասին, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանները փոփոխության չեն կարող ենթարկվել և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտոնական Թեհրանի համար կարմիր գիծ է։

Այս առումով հարց է ծագում, որտե՞ղ է առկա իբր սպառնալիք Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին, եթե վերջիններս ագրեսիվ նպատակներ չունեն Հայաստանի նկատմամբ։

Այսինքն, տրամաբանորեն ստացվում է, որ եթե տեսանյութում հնչող մտքերը դիտարկվում են որպես սպառանալիք, ապա Բաքվում և Անկարայում պանթյուրքական պատրանքների շրջանակներում հեռուն գնացող ծավալապաշտական երազանքներ են փայփայում՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Իրանի նկատմամբ։

 

Վարդան Ոսկանյան

Իրանագետ