Արցախում, 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողներ, պահանջում են վերանայել ավարտական քննությունների անցկացման հրահանգը

Ապրիլի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ  նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկման թեման Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացված հանրագիրն էր, որով նրանք ակնկալում էին խորհրդարանի ղեկավարի միջնորդությունն ու օժանդակությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցում։

Քննարկման սկզբում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ թեև հարցը օրենսդիրի կարգավորմանը ենթակա չէ, այնուամենայնիվ հանձնաժողովը որոշել է արձագանքել ու պարզել նախարարության դիրքորոշումը:

ԿԳՄՍ  նախարար Անահիտ Հակոբյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է նախարարությունում՝ ոլորտային պատասխանատուների ու դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Բոլորն էլ միակարծիք էին այն հարցում, որ ծնողների փաստարկները հիմնավորված չեն ,ու քննությունները պետք է կայանան: Խորհրդարանական հանձնաժողովի անդամները համակարծիք էին գործադիրի  հետ՝ պետք չէ առաջնորդվել խմբակային քմահաճույքներով, նամանավանդ, որ բաց թողնված դասաժամերը լրացվում են ու ծրագրային շեղումներ չեն լինելու:

Նախարարության պատասխանատուների հետ քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին