Եվրոպացի վարձկանները կռվում են Մարիուպոլում

Բացի ուկրաինական ռազմական և ազգային գումարտակներից, Մարիուպոլում կռվում են եվրոպացի վարձկաններ, բանակցություններն ընթանում են վեց լեզուներով, ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռադիոգաղտնալսումների արդյունքները ցույց են տալիս, որ բացի Ազովի գումարտակի նացիստներից և ուկրաինական զինված ուժերի մնացորդներից, քաղաքի օկուպացված տարածքներում զգալի թվով օտարերկրացի վարձկաններ կան: Ռադիոզրույցները, բացի ուկրաիներենից և ռուսերենից, իրականացվում են ևս վեց, հիմնականում եվրոպական լեզուներով»,- ասել է նա։

Գեներալը հիշեցրել է, որ ուկրաինական իշխանությունները հրաժարվել են զինյալներին դուրս բերել Մարիուպոլից, սակայն այն անպայման կազատագրեն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը և ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։