Բաքուն հայտարարել է, որ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են իր շահերից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

«ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է՝ ապահովելու տարածաշրջանի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում և համապատասխանում է Բաքվի շահերին։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներին սկսել աշխատանքը  խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջը ստեղծել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ սահմանային հանձնաժողով։

«Հանդիպման ընթացքում Ալիևը, Միշելը և Փաշինյանը շեշտել են հումանիտար միջոցառումների կարևորությունը կողմերի միջև խաղաղության և վստահության ամրապնդման գործում՝ ներառյալ անհայտ կորածների հետ կապված հարցերի լուծումը, ականազերծման անհրաժեշտությունը և նշել, որ ԵՄ-ը կաջակցի մարդասիրական ականազերծմանը։ Ղեկավարները նաև նշել են երկու երկրների միջև տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացման կարևորությունը։ Հաստատվել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Բրյուսելում տեղի էր ունեցել ապրիլի 6-ին։

Այդ առթիվ ՀՀ կառավարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: