ԵԱՀԿ գործող նախագահի համար կարևոր էր հասկանալ Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը․ դեսպան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի այցի կարևորագույն նպատակն էր հասկանալ ԼՂ հակամարտության և անվտանգության հարցերի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված՝ լսելու Ռաուի առաջարկները, և Փաշինյանը ստացել է հստակ պատասխաններ։

Դեսպանի խոսքով՝ Լեհաստանի արտգործնախարարը փոխանցել է կարծիքներ ու առաջարկներ, որոնք առաջիկա մի քանի օրվա ընթացքում կքննարկվեն Հայաստանի կառավարության կողմից։ «Ես չեմ կարող անդրադառնալ բոլոր այն հարցերին, որոնք քննարկվել են Զբիգնև Ռաուի և Հայաստանի իշխանության հանդիպման ժամանակ»,- ասաց Չեպլակը։

Դեսպանը հիշեցրեց, որ Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ն այցելել է Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, ինչը վկայում է այն մասին, որ Լեհաստանը կարևորության է տալիս Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանը։ «Առանձնահատուկ էր հանդիպումը Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի հետ։ Զբիգնև Ռաուի այցը մենք հաջողված ենք համարում»,- ընդգծեց նա։

Չեպլակը բացատրեց, որ Երևանում և Բաքվում հանդիպումները փակ են եղել, և առայժմ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հարցերին։

«Ըստ պայմանավորվածության՝ առաջինը հայտարարությամբ հանդես կգա Վիեննայից ժամանած մամուլի քարտուղարը։ Հույս ունենք, որ հայտարարությունը դրական բնույթ կկրի»,- եզրափակեց դեսպանը։