Վրաստանի խորհրդարանի նախագահը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու գլխավորած պատվիրակությունն ապրիլի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ:
ԱԺ տեղեկացմամբ, Շալվա Պապուաշվիլին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: