Ռուսաստանն արագորեն դուրս է մղում ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից. «Ասիա թայմս»

Ռուսաստանը դուրս է մղում ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից, իսկ ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում «մեր աչքի առաջ հալչում է»։ Այսպիսի եզրակացության է հանգել «Ասիա թայմս»-ի հոնկոնգյան հրատարակչությունը։

Մերձավոր Արևելքի հետ Վաշինգտոնի հարաբերությունների դժվարությունները հատկապես ակնհայտ դարձան Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Թեև ԱՄՆ-ի բոլոր տարածաշրջանային դաշնակիցները պաշտպանեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը դատապարտում է պաշտոնական Մոսկվայի գործողությունները, միայն Իսրայելն է նրա դեմ նվազագույն պատժամիջոցներ կիրառել։

Մերձավոր Արևելքում ամերիկյան դաշնակիցների հրաժարումը Ռուսաստանի դեմ սահմանափակումներ կիրառելուց արտացոլում է և՛ Մոսկվային դիմակայելու այդ երկրների դժկամությունը, որը նկատելիորեն մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում, և՛ նրանց դժգոհությունը Վաշինգտոնից:

«Ասիա թայմս»-ը թվարկում է ԱՄՆ արտաքին քաղաքականության սխալները Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններում։ Մասնավորապես, ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ կոշտ է արտահայտվել Սաուդյան Արաբիայի դեմ։ Նա հայտարարել է այս երկիրը «վտարված» դարձնելու մտադրության մասին։ Այս արտաքին քաղաքական դիրքորոշումը չի փոխվել Բայդենի նախագահ դառնալուց հետո։

Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին առաջարկելու ոչ մի նոր բան չունենալով՝ Բայդենի վարչակազմը ականատես է լինում, թե ինչպես են նրանք շարունակում ավելի ու ավելի հեռանալ Վաշինգտոնից, եզրակացնում է հրատարակչությունը: