Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեսպանատան 40 աշխատակցի արտաքսման մասին

Գերմանիայի ԱԳՆ-ը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան 40 աշխատակցի և կարգադրել հեռանալ Գերմանիայից։ Այս մասին հայտնում է գերմանական Focus լրատվական պորտալը։

Գերմանիայի արտգործնախարարության կայքում հայտնվել է գերատեսչության ղեկավար Աննալենա Բըրբոքի հաղորդագրությունը, ով ասում է, որ վտարված դիվանագետները «ամեն օր աշխատել են ընդդեմ» գերմանացի ժողովրդի ազատության և համախմբվածության։ «Ձեր աշխատանքը վտանգ է ներկայացնում նրանց համար, ովքեր ապաստան են խնդրում մեզ մոտ: Մենք դա այլևս չենք հանդուրժի», – ասել է նա Ռուսաստանի դեսպանատանը: «Բուչայից արված լուսանկարները վկայում են Ռուսաստանի ղեկավարության և նրա քարոզչությանը հետևողների անհավատալի դաժանության մասին, որը սահմաններ չի ճանաչում: Մենք պետք է զգուշանանք Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից գրավված շատ այլ վայրերից նմանատիպ պատկերներից»,- հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։

Գերմանիայի կառավարության որոշումն անձամբ է փոխանցվել Գերմանիայում ՌԴ դեսպանին։ Բացի այդ, Բըրբոքը խոստացել է, որ Բեռլինը «խստացնելու է գործող պատժամիջոցները» Մոսկվայի դեմ, կավելացնի աջակցությունը Ուկրաինայի Զինված ուժերին  և կաշխատի ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման ուղղությամբ:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել էր Ուկրաինային զենքի «հետևողական և մշտական» մատակարարումների մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ Բեռլինը զենք է մատակարարում Ուկրաինային և մտադիր է շարունակել աջակցել այդ երկրին, սակայն գերմանական իշխանությունները չեն ցանկանում զենքի մասին տեղեկություն հրապարակել, որպեսզի այն չհասնի թշնամուն։