Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia ավիաընկերությունը ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին՝ ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշել. «Ուրախությամբ պիտի նշեմ, որ տալիս ենք դեպի Փարիզ թռիչքների մեկնարկը: Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ֆրանսիայի Հանրապետություն: Հատկանշական է, որ մեր ավիաընկերության առաջին չվերթը, որը կայացել է նախորդ տարի դեկտեմբերի 18-ին, նույնպես մեկնել է Ֆրանսիա՝ դեպի Լիոն: Լինելով ֆրանկոֆոն համայնքի անդամ՝ Հայաստանը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունեն Ֆրանսիայի նկատմամբ: Համոզված ենք, որ այս չվերթը նույնպես հաջողություն է ունենալու: Ուրախ կլինենք մեր օդանավերում տեսնելու բոլորին»։

Դեպի Փարիզ թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում Flyone Armenia-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է. «Մեր եվրոպական երթուղիների ցանցը շարունակաբար ընդլայնվում է: Ուրախ ենք տալու դեպի Փարիզ կանոնավոր չվերթերի մեկնարկը՝ այսպիսով ընդլայնելով մեր թռիչքային աշխարհագրությունը: Սա ճանապարհորդելու և նորը բացահայտելու բացառիկ հնարավորություն է, քանի որ Փարիզն անկրկնելի քաղաք է՝ բացմաթիվ հրաշալի տեսարժան վայրերով: Ինչպես իրավացիորեն ասել է դասականը՝ Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է»։