Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթի պահեստը հրդեհվել է ուկրաինական զինուժի ավիահարվածներից

Ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի թելեգրամյան ալիքին հղումով։

«Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճաների բոլոր ծառայությունները։ Միջոցներ են ձեռնարկվում այն չեզոքացնելու ուղղությամբ»,- նշել է Գլադկովը։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհի հետևանքով տուժել է պահեստի երկու աշխատակից, որոնք արդեն ստացել են առաջին բուժօգնություն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։