Այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք 6 մլրդ դրամը. ՊԵԿ նախագահ

Այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը մոտ 6 մլրդ դրամը։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով հարկային հավաքագրումները գերակատարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ապա հաստատեց վերջինիս խոսքերը, թե այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է։

Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, լարվածության, բյուջետային եկամուտների լավ ցուցանիշներ կան:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ արտահանման մասով հոռետեսական կանխատեսումներն ավելի շատ մյուս եռամսյակներին են վերաբերում:

«Չէ, մենք մյուս եռամսյակների մասով էլ չունենք հոռետեսական կանխատեսում, էդ ուրիշներն ունեն: Ես շատ լավատեսական եմ տրամադրված, այդ թվում՝ ձեզ հետ ունեցած մեր աշխատանքային քննարկումների արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավաստիացրեց, որ ԵԱՏՄ-ի գումարները այսպես, թե այնպես պետք է ստանան, այն տեխնիկական խնդիր է: