Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի մեջ անօրինական բան չի եղել․ Ռոմանոս Պետրոսյան

Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ընդգծեց Պետրոսյանը։

Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը ասաց․«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում կառուցած  առանձնատունը, թեև դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա շուրջ որևէ գործարք կատարել։ Աբրահամյանի ընտանիքին պատկանող առանձնատան նոր սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է, որին պետությունը այս թվականի   փետրվարի 11-ին վաճառեց «Գոլդեն փելիս» հյուրանոցը։