Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագիրը կստորագրվի միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո. ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը կվերադառնան իրենց դիրքերը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է  Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների կողմերը կշարունակեն խորհրդակցությունները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ։

Կիսլիցան պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է «հրադադարի ռեժիմի ներդրման մեխանիզմի, զորքերի և այլ զինված կազմավորումների դուրսբերման, մարդասիրական միջանցքների մշտական գործունեության, ինչպես նաև դիերի փոխանակման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակմանը»:

«Անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ռուսական բոլոր զինված կազմավորումները կվերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ զբաղեցրած իրենց դիրքերը»,- ընդգծել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը։

«Ստամբուլի բանակցությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստ է առաջ շարժվել, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու դեպի կայուն զինադադար և համապարփակ ապաէսկալացիա»,- ասել է նա։

Երեքշաբթի Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։ Նա հավելել է, որ Մոսկվան այս նախաձեռնությունները քննարկելուց հետո առաջարկներ կներկայացնի։ Բացի այդ, նշել է քաղաքական գործիչը, Մոսկվան «երկու քայլ» է անում դեպի Կիև և առաջարկում է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում անցկացնել նախատեսվածից շուտ՝ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ։ Իսկ ռուս զինվորականները կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։