Չինաստանը նշել է ԱՄՆ յոթ մեղքերը Ուկրաինայի իրավիճակի հետ կապված

ԱՄՆ-ը իրեն «բարի ուժ» է ձևացնում, մինչդեռ միայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակում նա յոթ «մեղք» է գործել, գրում է չինական «Գլոբալ թայմս» թերթը։

Հոդվածի հեղինակը կարծում է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում սառը պատերազմի մտածելակերպին, որն ավելի է խորացնում գլոբալ պառակտումը։

«Եղել է ՆԱՏՕ-ի հինգ ընդլայնում դեպի արևելք: Տեսնելով, թե ինչպես է դաշինքը քայլ առ քայլ ոտնձգություն կատարում անվտանգության տարածքին, Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, չէր կարող չզգուշանալ, որ իրեն անկյուն կքշեն: Այս առումով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը տխուր օրինակ է, թե ինչպես սառը պատերազմի մտածելակերպը հանգեցրեց բռնկման եվրոպական աշխարհամասում:

«Ուկրաինայի և Եվրոպայի շահերը ոչինչ չեն նշանակում: Եվրոպայի և Ռուսաստանի միջև կապերը պետք է ընդհատվեն: Եվ այդ դեպքում Եվրոպան ում մոտ պիտի վազի, բացի իր ամերիկացի դաշնակցից»,- գրում է «Գլոբալ թայմս» -ը:

Հոդվածում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մանիպուլյացիա է անում և կեղծիքներ է տարածում Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, պահպանում է դոլարի գերիշխանությունը համաշխարհային տնտեսության համար դժվար ժամանակներում և զբաղվում է հետխորհրդային տարածքում ռազմական կենսաբանական լաբորատորիաների ստեղծմամբ։

«Իրեն ներկայացնելով որպես մարդու իրավունքների «պաշտպան»՝ ԱՄՆ-ը իրականում իր դերն է ունեցել աշխարհի շատ մասերում տեղի ունեցող պատերազմներին և քաոսին: Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում «համընդհանուր արժեքները» բերել են շփոթության և դժվարությունների: ԱՄՆ-ը չի դադարի բորբոքել ուկրաինական ճգնաժամի կրակը: Նրանք ուսուցանել և զինել են ուկրաինացի զինվորականներին մինչև ճգնաժամը: Նրանք ուղղակի զենք են առաջարկել Ուկրաինային և ղեկավարել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու արշավը հենց ճգնաժամի սկզբից»,- նշել է հրապարակախոսը։

Հրապարակման հեղինակը կարծում է նաև, որ Վաշինգտոնն օգտագործում է ռազմական հակամարտությունները ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։