Պետական մակարդակով Ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. Թաներ Աքչամ

Թաներ Աքչամի դասախոսությունը Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում

Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա են եղել Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ներածական խոսքով հանդես է եկել քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, ով կարևորել է պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից, և շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։

Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձել է Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշել այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար:

Ըստ Թաներ Աքչամի` Օսմանյան Կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ:

Թուրք պատմաբանը նշել է, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ Անատոլիան՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան:

Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում: