ՏՏ ոլորտի ընկերություններին վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի եկամտահարկի 50 տոկոսը. Բադասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ սրանով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը. «Նպատակը երկուսն է. նախ ունենք ֆրիլանսերների մեծ խումբ, որոնք ավանդաբար գործում են ստվերում: Այսինքն տնային պայմաններում աշխատում են դրսի կազմակերպությունների համար և  ստվերում են գտնվում: Մենք այնպիսի պայմաններ ենք ցանկանում առաջարկել, որ օրինական գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից և  չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը:

Երկրորդը, տարբեր երկրներ պայքարում են բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների երկրի ներսում պահելու համար: Այստեղ մեծ մրցակցություն է, հոսունությունը այս մասնագետների բավական բարձր է: Մասնավորապես տարբեր արտոնություններ են գործում թե եվրոպական երկրներում, թե ԱՊՀ երկրներում: Մենք ուզում ենք այնպես անել, որ հայկական IT ընկերությունները մրցունակ լինեն շուկայում և  սահմանում ենք  հետևյալ պայմանները արտոնության տրամադրման համար. նրանք գործունեությունը պետք է իրականացնեն այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են ՏՏ ոլորտին: Մարտի 1-ի դրությամբ հետագա հաշվարկներում աշխատատեղերի քանակը պետք է ավելանա առնվազն 50-ով: Այդ 50 աշխատատեղի դեպքում վերջին 6 ամսվա ընթացքում իրենք չպետք է եկամտային հարկ վճարած լինեն, այսինքն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղերի մասին է խոսքը: Եվ չպետք է ունենան 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ: Այս պայմաններին բավարարելու դեպքում ընկերությունները կստանան նոր աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը որպես պետական աջակցություն»,-հայտարարեց Բադասյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ շրջանառվում է նաև մեկ այլ նախագիծ, որն այդ արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք:

«Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,-ասաց  ՊԵԿ նախագահը: