Առաջարկում ենք քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն․Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որևէ արտահայտություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդդիմադկիր խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են  քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Նախագծի հեղինակներից պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագիծը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի մասին է:

«Նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ այլևս ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ, առավելևս, նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,-նշեց նա: