Լեհաստանում դժգոհում են ԵՄ պատժամիջոցներից

Եվրամիությունը, ուկրաինական ճգնաժամի համատեքստում, օգնություն չի տրամադրում Լեհաստանին, որն օգնում է փախստականներին, մինչդեռ Բրյուսելը պահպանում է պատժամիջոցները Վարշավայի դեմ, ասել է փոխվարչապետ Պյոտր Գլինսկին «Դեյլի Թելեգրաֆին» տված հարցազրույցում։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԵՄ-ը իրական նյութական աջակցություն չի ցուցաբերում: Խոսակցություններ են վարում: Խոստումներ են տրվում: Բայց մենք ծախսում ենք մեր փողերը: Մենք կազմակերպում ենք մեր ժողովրդին և փորձում ենք անել հնարավորը այս իրավիճակում: Մյուս կողմից, քաղաքական դրդապատճառներով պատժամիջոցները շարունակում են գործել Լեհաստանի դեմ»,- դժգոհել է պաշտոնյան։

Նա մտավախություն է հայտնել, որ Եվրամիությունը չի միանա պայքարին հակամարտության հնարավոր ընդլայնման դեպքում։

Բացի դրանից, Լեհաստանի փոխվարչապետը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը, քանի որ դա կարող է «ապակայունացնել» աշխարհամասը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։