ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է մարտի 21-ին Մարիուպոլից մարդասիրական միջանցքների բացման մասին

Մարտի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից, ռուսական կողմը մարդասիրական միջանցքներ կբացի Մարիուպոլից և՛ դեպի արևելք, և՛ դեպի արևմուտք, հայտարարել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ՊՆ-ը առաջարկում է պատերազմող կողմերին հայտարարել լիակատար լռության ռեժիմ և երաշխավորում է դրա խստագույն պահպանումը մարտի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ից։

Նա հավելել է, որ տարհանման ժամանակ Մարիուպոլի յուրաքանչյուր քաղաքացու և օտարերկրացու երաշխավորվում է մարդասիրական միջանցքներից որևէ մեկի կամավոր ընտրությունը կամ ապաշրջափակված քաղաքում մնալու իրավունքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ՌԴ Զինված ուժերից նշում են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։