Եվս 3 ամսով երկարացվեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300.000-ական դրամ ամսական աջակցության տրամադրումը

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 17-ի նիստում չզեկուցվող նախագծերից մեկով ևս 3 ամսով երկարացրեց  անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300.000-ական դրամ ամսական սոցիալական աջակցության տրամադրումը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։

Գործադիրը նշում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածում կատարված լրացման արդյունքում սահմանվել է դրույթ, ըստ որի` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած Զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

«Կատարված դիտարկումների արդունքում փաստում ենք, որ 25.02.2022թ. դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 127 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա-բաժանում, որից 114 անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի հատուցման գործ ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի 2001-Լ որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է 12 ամսվա համար՝ 12-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` 2021թ. նոյեմբեր ամսվան հաջորդող ամսվա 1-ից արդեն իսկ դադարեցվել է նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը, ինչը դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցրել է բողոքի ալիքների:

Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: