Ուկրաինայում զոհվել է ռուսական բանակի հայազգի զինծառայող

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հայազգի զինծառայող է զոհվել։ Բուրյաթիայում ծնված Դավիթ Հարությունյանը մահացել է՝ փրկելով ընկերոջը։

Մարտի 1-ին շարքային Հարությունյանը գումարտակային-մարտավարական խմբի շարասյան կազմում ծավալման բնագիծ դուրս գալու առաջադրանք է ստացել։ Բնակավայրով անցնելիս շարասյունը հայտնվել է հակառակորդի հրետանու գնդակոծության տակ, ինչի հետևանքով ինքնագնաց հրետանային կայանքը խոցվել է և կորցրել ընթացքը:

Հարությունյանն արագ կողմնորոշվել է և մարտական մեքենայի հրամանատարությունն իր վրա վերցրել։ Պարզելով, որ մեխանիկ-վարորդը կորցրել է գիտակցությունը` նա ընկերոջը դուրս է բերել մեքենայից և թաքստոց տարել։ Ճանապարհին Դավիթը թիկունքից մի քանի բեկորային վնասվածքներ է ստացել, որոնք մահացու են եղել։

Շարքային Հարությունյանը խիզախության ու անձնվիրության համար հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով: