Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա ամփոփ. կարևոր իրադարձությունները հակիրճ․ «Հենակետ»

10.03.2022

Բանակցային գործընթաց

  • Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպման ավարտին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմտրի Կուլեբան հայտարարել է, որ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը: Զինադադարի հարցում առաջընթաց չկա։ Կրակի դադարեցման համաձայնություն ձեռք չի բերվել։ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները։ Լավրովի հետ բանակցությունները ծանր էին։ Կուլեբան նաև ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու անպատրաստ լինելու մեջ։
  • Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Բելառուսում բանակցությունների վերջին փուլում ռուսական կողմը իրավաբանական փաստաթղթի նախագծի տեսքով ներկայացրել է արդեն շատ կոնկրետ նկատառումներ։ Եվ ուկրաինական կողմը, վերցնելով այդ առաջարկությունները, հավաստիացրել է, որ շուտով դրանց կոնկրետ պատասխան կտա։ Անդրադառնալով ծննդատան հրետակոծման փաստին, Լավրովը նշել է. «Մենք առաջին անգամ չենք լսում ՌԴ ռազմական ուժերի «վայրագությունների» մասին։ Մեր պատվիրակության կողմից փաստեր ներկայացվեցին, որ Մարիուպոլում ծննդատունը վաղուց գրավվել է «Ազովի» կողմից, այնտեղից դուրս են արվել բոլոր ծննդկաններին ու բժիշկներին։ Այդ փաստերը ներկայացվել են երեք օր առաջ»։ Լավրովը նաև հավելել է. «Մենք չենք ցանկանում Ուկրաինայի ռազմականացումը, չենք ցանկանում պահպանել Ուկրաինայում նեոնացիստական պետության կառուցման միտումը։ Ուկրաինայից Արևմուտքին պետք է միայն, որ այդ երկիրն աշխատի ռուսականության դեմ։ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ բանակցություններում ոչ ոք չէր պատրաստվում պայմանավորվել հրադադարի մասին։ Ռուսաստանն այլևս կախված չի լինի Արևմտյան ընկերություններից»։
  • Անդրադառնալով Պուտին Զելենսկի հանդիպման հնարավորությանը, Լավրովը նշել է, որ Պուտինը չի հրաժարվում հանդիպումից։ «Պուտինի և Զելենսկու բանակցությունները չպետք է հանդիպում լինեն հանուն հանդիպման»,- նշել է նա։

Ներքաղաքական իրադրություն

  • Ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն զենք կիրառել թույլ տալու օրենք է ստորագրել Վլադիմիր Զելենսկին։
  • ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի տարածաշրջաններում հումանիտար օգնության մատակարարում է ընթանում։
  • Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմից մինչև Խերսոն տեխնիկական երկաթուղային երթևեկությունը վերականգնվել է։ Այժմ այդ երթուղիները օգտագործվում են մարդասիրական օգնություն և շինանյութ հասցնելու համար, որոնք անհրաժեշտ են ավերված ենթակառուցվածքի վերականգնման համար:
  • Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է յոթ ուղղություններով հումանիտար միջանցքներ բացելու մասին։
  • Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքի բնակչությունը կրճատվել է 2 մլն-ով։ Ստացվում է, որ Կիևը լքել է ամեն երկրորդ բնակիչը։
  • Առանց Կիևի մասնակցության Ուկրաինայի վտանգավոր գոտիներից տարհանվել է ավելի քան 187 հազար մարդ, որոնցից 46 696-ը երեխաներ։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնք ցանկանում են իրենց ինքնաթիռները փոխանցել Ուկրաինային։ Դա հիմա այն չէ, ինչ անհրաժեշտ է հակամարտության լուծման համար։
  • ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումն արգելող օրինագծին:
  • ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ-ն այլևս չեն պատրաստվում մասնակցել Եվրոպայի Խորհրդի գործընթացներին։
  • Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նման տնտեսական պատերազմ դեռ չէր եղել, իրավիճակն աննախադեպ է, կանխատեսումներ անել պետք չէ։
  • Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ուկրաինայից ավելի քան 1,5 մլն փախստականներ են արդեն ժամանել Լեհաստան։
  • Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ նոր ուղեծրային խմբավորումների գործարկումը թույլ կտա Ռուսաստանում ստեղծել անկախ, «անխափան» արբանյակային ինտերնետ։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկու հետ զրույցում խոստացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
  • Toyota-ն մտադիր չէ հեռանալ ռուսական շուկայից և փակել Ռուսաստանում գտնվող գործարանը, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
  • Ժոզեփ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային իքնաթիռներ չի մատակարարի։

Ռազմական իրադրություն

  • Օդեսայում հայտարարել են, որ ռուսական ռազմանավերը հեռացել են ափերից՝ շարժվելով Ղրիմի ուղղությամբ: Տեղական իշխանությունների կարծիքով՝ դա կարող է վկայել հնարավոր դեսանտային գործողության հետաձգման մասին։
  • Կիևի մատույցներում ՌԴ ԶՈւ շարասյունը հայտնվել է «ՏՈՍ-1Ա» «Սոլնցեպյոկ» հրետանու հարվածի տակ։
  • ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը հայտարարել է, որ ռուսական զինուժը հանդիպել է ուկրաինական ուժերի ավելի մեծ դիմադրության, քան սպասվում էր։ «Մեր գնահատականներով՝ Մոսկվան, չնայած բոլոր միջոցներին, հետ չի կանգնի և կուժեղացնի ճնշումը»,- նշել է նա և հավելել, որ Ուկրաինան չի ձգտում կենսաբանական կամ միջուկային զենքի ստեղծմանը:
  • Ռուսական հրթիռակոծության արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը Չուգուևու քաղաքում։ Հարված Է հասցվել Լոզովատկա բնակավայրի օդանավակայանի ուղղությամբ։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական կառավարումը։ Նախարարությունը հերքել է, որ «հարված» է հասցվել Մարիուպոլի հիվանդանոցին։ Դեպքի վայրից լուսանկարներն ու տեսանյութերը կեղծ են և բեմադրություն։ Մեկ օրում օպերատիվ-մարտավարական ավիացիայով խոցվել է 68 օբյեկտ, այդ թվում՝ ուկրաինական զինված ուժերի կառավարման համակարգի 2 օբյեկտ, նյութատեխնիկական ապահովման 12 օբյեկտ, 3 միավոր «Օսա» ԶՀՀ։ Ռուսական ՀՕՊ միջոցներով օդում ոչնչացվել է մեկ ՄիԳ-29, երեք «Բայրաքթար ՏԲ-2» ԱԹՍ և մեկ «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռ: Ռուսական ստորաբաժանումները զինամթերքի պահեստ են հայտնաբերել Խերսոնի դպրոցներից մեկում։
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պաշտպանության ուժերը արժանի հակահարված են տալիս ռուսական ուժերին, և բոլոր ուղղություններով զսպում են հարձակումները։ Ըստ ուկրաինական կողմի` օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ ազատագրել են Բակլանովա Մուրավեյկա բնակավայրը։ Կիևի պաշտպանները կայուն պահում են սահմանները, պահպանում են ճգնաժամային ենթակառուցվածքների օբյեկտները։ Ռուսական զինուժը կանգ է առել բոլոր ուղղություններով, հակառակորդն ունի անձնակազմի, ինչպես նաև սպառազինության և տեխնիկայի զգալի կորուստներ։

Միջազգային մամուլ

  • «The Associated Press» պարբերականը գրել է, որ արևմտյան վարձկանները, որոնք Ուկրաինա են մեկնում Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար, կարող են ավելի վտանգավոր և արմատական դառնալ տուն վերադառնալուց հետո։
  • «Bloomberg» պարբերականը գրում է, որ Վաշինգթոնը դիտարկում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դեմ սահմանափակիչ միջոցներ սահմանելու հնարավորությունը:
  • «The Economist» ամսագիրը գրել է, որ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն խոսելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին, մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի ճգնաժամը հղի է հերթական «աղետով»։
  • «The Atlantic» ամերիկյան ամսագիրը գրել է, որ 2018 թվականից ի վեր Միացյալ Նահանգները աշխարհում նավթի և բնական գազի խոշորագույն արտադրող լինելով էներգետիկ անկախություն չի ապահովել, տնտեսությունը չի մեկուսացրել աշխարհաքաղաքականությունից և արտակարգ իրավիճակում ԱՄՆ-ին լրացուցիչ արդյունաբերական հզորություններով չի ապահովել։

«Հենակետ» վերլուծական կենտրոն