ԱՀԿ-ը Ուկրաինային խորհուրդ է տվել լաբորատորիաներում ոչնչացնել վտանգավոր պաթոգենները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տվել Ուկրաինային ոչնչացնել երկրի լաբորատորիաներում պահվող խիստ վտանգավոր հարուցիչները՝ հնարավոր արտահոսքերը կանխելու համար, ասվում է ԱՀԿ-ի՝ Reuters-ին ուղղված նամակում:

Ավելի վաղ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել էր, որ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ կան, Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում։ Ի պատասխան՝ ՌԴ ՊՆ-ը նշել է, որ այս խոսքերով հաստատել է Պենտագոնի մասնակցությունը Ուկրաինայի ռազմական կենսաբանական ծրագրերին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

ԱՀԿ-ը հայտնել է, որ մի քանի տարի աշխատել է Ուկրաինայի բժշկական իշխանությունների հետ՝ նպաստելու անվտանգության պրակտիկայի իրականացմանը: «Այս աշխատանքի շրջանակներում ԱՀԿ-ը խստորեն խորհուրդ է տվել Ուկրաինայի Առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել հատկապես վտանգավոր հարուցիչները՝ հնարավոր արտահոսքերը կանխելու համար»,- ասվում է կազմակերպության նամակում։

ԱՀԿ-ը չի նշել, թե երբ է արվել այդ առաջարկությունը, ոչ էլ ստույգ տեղեկություն է տրամադրել ուկրաինական լաբորատորիաներում պահվող հարուցիչների կամ տոքսինների տեսակների մասին: Արդյո՞ք ԱՀԿ-ի առաջարկությունները կատարվել են, հայտնի չէ: