Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել

ԱՄՆ պետքարտուղարությունը Ուկրաինա մեկնել պատրաստվող ամերիկացիներին, չնայած այդ երկիր չայցելելու հորդորին, խորհուրդ են տվել նախքան մեկնելը ԴՆԹ-ի նմուշներ հանձնել, կտակ գրել և հարազատների հետ քննարկել երեխայի/ երեխաների հնարավոր խնամակալության խնդիրները:

«Մի՛ մեկնեք Ուկրաինա զինված հակամարտության և կորոնավիրուսի պատճառով: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան, եթե դա անվտանգ է՝ օգտագործելով որևէ առևտրային կամ այլ մասնավոր ցամաքային փոխադրամիջոց», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա, չնայած դրանից զերծ մնալու հորդորին, պետք է ձեռնարկեն մի շարք քայլեր, այդ թվում՝ ԴՆԹ-ի նմուշներ հանձնեն, կտակ թողնեն, հարազատների հետ քննարկենլ երեխայի խնամակալության, ընտանի կենդանիների խնամքի, գույքի և ակտիվների կառավարման հարցերը, հարազատներին հանձնեն կարևոր փաստաթղթեր և անձնական տվյալներ։

Բացի դրանից, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մշակել անվտանգության սեփական պլանը կամ խորհրդակցել համապատասխան կազմակերպության հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։