Մինչև երբ պետք է մարմնի շուտասելուկ հիշեցնող արագաշարժությունն ու մարմնական շատախոսությունը կոչվի պար

Ինչ է պարը, որն է Հայ պարը, և ինչ կարևորություն ունի Հայ ազգին դարձի բերել դեպի իր անաղարտ պարը, դեպի Հայոց լեռների ոգին:

Բյուր խոնարհում և ակնածանք առաջին Հայ պարագետ Հայոց պարի Քուրմ Կոմիտասին, և իհարկե Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանին, և նրանց գործը շարունակողներին: Բայց ինչպես եղավ, որ Աստվածային Կոմիտաս ու հանճարեղ Լիսիցյան (ի դեպ նա ողջ արևելյան Եվրոպայի ու Ասիայի միակ լիարժեք պարերի գրառման համակարգի՝ Կինետոգրաֆիայի հեղինակն է) երկնած ազգը, դեռ Լիսիցյանի օրոք, դեռևս 1968 թ.-ին այնքան էր շեղվել ազգային նկարագրից, որ մեկ այլ Հայ հանճար՝ Պարույր Սևակը պետք է բացականչեր.

«Նայում ես Հայկական պար, և չես հասկանում, սա պար է, բալետ, գեղարվեստական մարմնամարզություն, թե կրկեսային համար»:

Ինչպես եղավ, որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր պարեր ունեցող ազգի առաջին պարային գրառումը կատարվեց միայն Կոմիտասի ձեռամբ, և Լիսիցյանի ու այլ նվիրյալների շնորհիվ գրառված հարյուրավոր պարերն այդպես էլ չունեցան մի Պարադարան, ուր յուրաքանչյուր ոք կկարողանա փնտրել ու գտնել այս կամ այն տարածաշրջանի, այս կամ այն ծեսին պատկանող պարն ու մանրակրկիտ տեղեկություններ քաղել, և կարողանալ այդ պարը նաև կատարել:

Ինչու մինչ այժմ չկան Հայոց պարը բնորոշող Կոմիտասին վայել բանաձևեր, որոնք մեկնդմիշտ կկանխեն Հայոց պարի շեղումներն, օտարամուտ պարաձևերը:

Ինչու Խորհրդային տարիների սոցռեալիզմի պարտադրանքով, կներեք արտահայտությանս, մոգոնված պարը դեռ շարունակվում է կոչվել ժողովրդական, երբ իրականում այն գրեթե աղերս անգամ չունի Հայ ժողովրդի պարային ժառանգության հետ:

Մինչև երբ պետք է մարմնի շուտասելուկ հիշեցնող արագաշարժությունն ու մարմնական շատախոսությունը կոչվի պար, առավել ևս հանդգնի մի վեհ ազգի հոգևոր և ոգեղեն նկարագրի թարգմանը լինել:

Հենց այս խնդիրներով մտահոգ երեկ, մարտի 5 Թումանյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի Հայոց ավանդական պարի Գիտական կենտրոնի (Գիտական կենտրոնի կարճ կենսագրությունից հետո նրա աշխատանքները կասեցվեցին սկզբում համավարակի, ապա և Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով) աշխատանքների վերսկսման կարևոր ժողովը, որին մասնակցում էին բանասերներ, երաժշտագետներ և իհարկե պարասերներ:

Անելիքները շատ է, և ավելի քան կարևոր…

Այլ մանրամասնությունների, քննարկված հարցերի, ընտրված ուղիների, և ապագայի տեսլականների մասին կտեղեկացնենք հաջորդիվ…

Երբ մարմինը հոգու ողջ հույզն ու ճախրանքն է թարգմանում, ապա.

Պարն աղոթք է դառնում»:

 Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից