Կանանց քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավազորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, քանի որ հավատում եմ, որ մեր երկրում կանանց քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավազորման ու հզորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է։

Կանանց հիանալի դերերը բազմաթիվ են՝ սիրող ու հոգատար կին, կյանքի հուսալի ընկեր, կենսատու և անձնուրաց մայր, իր հայրենիքին սպառնացող վտանգի դեմ խիզախող զինվոր, հոգատար բժիշկ, իմաստուն մանկավարժ, վառ մտքով գիտնական։

Անհրաժեշտ է կոլեկտիվ ջանք ու աշխատանք, որպեսզի այս շարքը նույն հեշտությամբ կարողանանք շարունակել՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, հաջողակ բիզնես-ղեկավար, ազդեցիկ քաղաքական գործիչ, խիզախ իրավապաշտպան, բարձրաստիճան զինվորական, անվտանգության արհեստավարժ պատասխանատու, հռչակավոր մարզիկ։

Հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար գործնականում հավասար հնարավորությունները վստահորեն երաշխավորելու են առավել ներդաշնակ հասարակության կառուցումն ու պետության հիմնավոր առաջընթացը»։