Կիևը հրաժարվել է Ուկրաինայից դեպի Բելառուս և Ռուսաստան մարդասիրական միջանցք բացել

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է մարդասիրական միջանցք բացել Կիևից դեպի Բելառուս, ապա՝ Ռուսաստան, Սումիից և Խարկովից անմիջապես դեպի Ռուսաստան։ Ուկրաինան դա անընդունելի է համարում։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, հաղորդում է «Укринформ»-ը։

«Առավոտյան տեղեկություն հայտնվեց, թե, իբր, Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական նպատակով մարդասիրական միջանցքներ է բացում, և ժամը 10-ից հրադադարի ռեժիմը գործում է։ Սա մարդասիրական միջանցքների բացման անընդունելի տարբերակ է։ Մեր մարդիկ չեն գնա Իվանկովից, Դիմերից, Վիշգորոդից, Կիևից Բելառուս, որպեսզի հետո ինքնաթիռով գնան Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է նա։

Վերեշչուկը հայտնել է, որ երեկ կեսգիշերն անց Ռուսաստանի Դաշնությունից նամակ է ստացվել, որում առաջարկել են՝ «հաշվի առնելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը», մարտի 7-ից լռության ռեժիմ հայտարարել և բացել հետևյալ մարդասիրական միջանցքները.

– Կիևից՝ Կիև-Գոստոմել-Ռակովկա-Սոսնովկա-Իվանկով-Օրանի-Չեռնոբիլ-Գդեն-Գոմել՝ հետագայում՝ օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն;

– Խարկովից՝ Խարկով-Նեխոտեևկա-Բելգորոդ և ապա երկաթուղով կամ ավտոճանապարհով մինչև նշանակակետ կամ ժամանակավոր կացարան;

– Սումիից՝ Սումի-Սուջա-Բելգորոդ և ապա երկաթուղով կամ ավտոճանապարհով մինչև նշանակակետ կամ ժամանակավոր կացարան։

«Հուսով եմ, որ նախագահ Մակրոնը հասկանում է, որ իր անունն ու անկեղծ փորձերը՝ օգնելու Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի և շատ այլ պետությունների օտարերկրյա քաղաքացիներին, իրականում օգտագործվում և շահարկվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- նշել է Վերեշչուկը։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ուղարկել է իր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինեն մարդասիրական միջանցքները, և հայտնել է, որ պատրաստ է բացել նման միջանցքներ այսօր առավոտյան ժամը 10-ից։