Վահե Հակոբյանը հավաստիացրել է, որ երբեք բաժնեմաս չի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Ես երբեք բաժնեմաս չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին մարտի 7-ին Ազգային ժողովի ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Ես հոգնել եմ խոսել այդ մասին։ Ես բաժնեմաս չունեմ, երբևիցե չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մինչև 2016թ. ես եղել եմ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալը, 2016-2018թթ.՝ Սյունիքի մարզպետը, 2019 թվականից՝ խորհրդի անդամ, բայց մինչև 2020թ. օգոստոսի 2-ը»,- ասել է Հակոբյանը՝ հավաստիացրելով, որ իր մասնակցությունը կոմբինատի կյանքին սահմանափակվել է միայն դրանով։