Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել: Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ:  «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը հայտնել է, որ Կիևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն սիրտն է մեր երկրի, մշակույթի, պատմության, մեր պետականության կենտրոնն է: Այն սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Նիկոլայ Ժիրնովը:

Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում: Նա վստահություն է հայտնել, որ հակառակորդին չի հաջողի մտնել քաղաք:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նկատմամբ։ ՌԴ պատասխանել է փոխադարձությամբ։