Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները. Sputnik Արմենիա
Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
«Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,–հայտնեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին։
Նշենք, որ ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։