Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ հավաքական Արևմուտքը փաստացի համատարած տնտեսական պատերազմ է սկսել Ռուաստանի դեմ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամում գրում է․

«Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ հավաքական Արևմուտքը փաստացի համատարած տնտեսական պատերազմ է սկսել Ռուաստանի դեմ։

Այս խորապատկերին Եվրոպական Միության պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ փորձելու են, ի հաշիվ ռուսական գազի, մեծացնել այս էներգակրի ներկրման ծավալներն Ադրբեջանից և Ալժիրից, իսկ Բաքվի բռնապետական վարչախումբը կարծես ամենևին դեմ չէ այս հարցում միանալու Մոսկվայի հակառակորդներին։

Եթե Ալժիրի վրա ազդելու որևէ արդյունավետ լծակ Ռուսաստանը չունի, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի պարագայում դաշնակից Հայաստանի և Արցախի հանրապետությունները, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և այլ գործիքակազմեր, կարող են պատվար հանդիսանալ Հարավային Կովկասում Բաքվի բռնապետի նաև հակառուսական նկրտումների դեմ։

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ Մոսկվան պետք էլ ավելի շահագրգիռ դառնա ոչ միայն վերազինելու և արդիականացնելու հայկական զինված ուժերը, այլ նաև դիտարկելու Արցախից բռնազավթված տարածքների ապաբռնազավթման և ապաադրբեջանականացման հնարավորությունները։

Սակայն այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև հայկական կողմից գործուն և քրտնաջան աշխատանք, որովհետև մարտահրավերներին զուգահեռ ստեղծվել են նաև նոր հնարավորություններ»։