Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը 1.5 ժամ զրուցել են հեռախոսով

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, հիմա կլինի մեր հաղորդագրությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ըստ տեղեկությունների` երկու երկրի ղեկավարների զրույցը 1.5 ժամ է տևել։

Ավելի վաղ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նշվում էր, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցում առաջարկել է առաջիկա օրերին կապի մեջ մնալ, որպեսզի Ուկրաինայում տիրող իրավիճակի վատթարացում թույլ չտան, ռուսական պետության ղեկավարը համաձայնել է:

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանգամանորեն քննարկել են Ուկրաինայի թեման։

Ֆրանսիայի ղեկավարը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի Կիևի հետ երկխոսության և բանակցությունների միջոցով։

Այս համատեքստում Պուտինը Մակրոնին ասել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի` անվտանգության ոլորտին վերաբերող օրինական շահերը։