ԱԺ բակում բացվել է Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթող

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել:

ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու մտահղացումը 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանինն է: Հանդիսավոր բացմանը ելույթ ունենալով`  նա մասնավորապես նշել է, որ Ազգային ժողովի վարչական տարածքին հարող, խորհրդային տարիներին ոչնչացված Երևանի ամենահին Կոզեռնի գերեզմանատանն ամփոփված ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն այժմ սերունդներինն է: Ալեն Սիմոնյանի խոսքով` այս  քայլով հիշում ու խոնարհվում են շենքում և հարակից տարածքում մարդկային կյանքերի ավարտման և անմեղ զոհերի հիշատակին:

17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել է Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը: Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից: Մինչև 20-րդ դարի սկզբները գերեզմանատունը Պռոշյան փողոցի սեփական տներից ձգվել է մինչև Սիրահարների այգու տարածք, ներառել Ազգային ժողովի այգին և Դերենիկ Դեմիրճյան փողոցի սեփական տները:

Հայտնի է նաև, որ Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: Գերեզմանատան վերացման պատճառով 1920-ականներին Արամ Մանուկյանի այրին նրա մարմինը վերահուղարկավորել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը: