Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. Վյաչեսլավ Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը և մեկնել Լվով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չէր: Նա իր շքախմբի հետ փախել է Լվով քաղաք», – ասել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ նման տեղեկություն են ստացել Գերագույն Ռադայի պատգամավորները, ովքեր փորձել են հանդիպել Կիևում երկրի առաջնորդի հետ, սակայն նրանց հրավիրել են Լվով, որտեղ Զելենսկին, իբր, գտնվում է նեոնացիստների պաշտպանության ներքո։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։