ԶԻՆՎՈՐՆԵՐՈՒՍ

Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի մեծարանքի խոսքը իր զինվորներին

Սիրելի՛ Զինվորներս.

Վերջին տխուր դեպքերուն առջև երբ կը կարմրինք, ու երբ օտարներ կը փորձեն անվանարկել Հայ զինվորին արժանապատվությունը, դուք ձեր քաջությամբ, ձեր պատմությամբ և գործերով անոնց աչքերուն առջև կը ցցվիք՝ արհամարհելով զանոնք, բարձր բռնելով Հայ զինվորին և Հայ ցեղին արժանապատվությունը: Դուք գիտցաք կռվիլ անոր համար, որ կը հասկնայիք կռվին արժեքը. դուք կրցաք պարտության մատնել թշնամին և հիացում հրավիրել ձեր վրա, անոր համար, որ գիտեիք նվիրվիլ և գիտեիք ծառայել Հայրենիքին և անոր ազատության:

… Ի՞նչ բան էր, որ մղեց ձեզ թողուլ ձեր տուները, ձեր գործերը և հանգիստը՝ երիտասարդ կյանքի վայելքներուն հետ, և գալ պատերազմի դաշտ շալկելու ձեր հրացանն ու տուրիկը: Ես կըզգայի և կը հասկնայի ձեր զոհաբերումներուն արժանիքը և իմաստը: Ես գիտեի, թե որքա՜ն ծանր էր ձեր վրա ճնշող պատասխանատվությունն ու պարտականությունը:

Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքները և մեծ հավատքով տարիք ձեզի հանձնված գործը: Ես չլսեցի տրտունջքի ոչ մեկ բառ, ցավի ոչ մեկ արտահայտություն: Մերկ էիք, անոթի մնացիք օրերով, ձմրան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը կարկուտին հետ ծեծեցին ձեզ, նեղեցին ձեզ, բայց դուք արհամարհեցիք զանոնք թշնամիին գնդակներուն հետ: Ձեր այս կեցվածքը քաջալերեց զիս, ուրախացուց սիրտս, և մենք կրցինք շահիլ փառավոր հաղթանակներ ՀԱՅ ԱՆՈՒՆԻՆ ՀԱՄԱՐ:

… Օտարը հիացավ ձեր վրա, հիացավ ձեր հրամանատարն ալ և բերկրեցավ ձեզ համար, ու վստահ ձեր Հայու հզոր բազուկներուն՝ նոր հաղթանակներու դիմեց…

Ի՞նչ վսեմ սեր ու մաքուր զգացում էր որ ունեիք դուք ձեր կուրծքերուն տակ: Ես բոլոր դժվարություններուն մեջ ձեր դեմքերուն վրա հրճվանք կը տեսնեի, երբ ասկե ու անկե Հայ մանուկներ և Հայ գաղթականներ հավաքելով ինծի կը բերեիք: Դուք ձեր հացը, ձեր հագուստը և հանգիստը կը տրամադրեիք անոնց երջանկության, անոնց բարօրության և հանգստին համար… Թշնամիին անկումը ձեր հրճվանքն էր և Հայու մը ազատագրումը՝ ձեր ժպիտը:

Ինկան ձեզմե շատերը: Անոնց աճյունները խառնվեցան մայր հողին: Խունկով ու աղոթքով օրհնված ու սրբացած քար մը չդրին անոնց վրա, աղոթք և սաղմոս չկարդացին, այլ միայն հովը սուլեց՝ փայփայելով անոնց սև ու սիրուն վարսերը…

Սիրելի Զինվորներս,

Սա՛ մեկ քանի տողերս իբր հարգանքի և գնահատանքի նշան ձեզի կը թողում իբր կտակ և սրտաձոն ապրողներուդ և իբր տապանաքար՝ անթաղ և անշիրիմ զինվորներուս…

ԱՆԴՐԱՆԻԿ
1921թ.