Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումն աճել է

Շարունակում է աճել էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց:

Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը:

Վարվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ,  շեշտակի ավելացել է ներկրումն ու շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:

Այսպիսով Հայաստան է ներկրվել

2019  թվականին՝ 668 տ/մ

2020 թվականին՝  2155 տ/մ

2021 թվականին՝  6645 տ/մ

Մինչդեռ, մինչև արտոնության սահմանումը, 2017-2019թթ․ ներկրվել է ընդամենը 42 էլեկտրամոբիլ։

Ներկայումս հանրապետության ողջ տարածքում առկա է մոտ 90 գործող լիցքավորման կայան

Հավելենք նաև, որ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը,

Ինչպես նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։