Արցախի հուշարձաններում անհնար է գտնել աղվաներենի որևէ հետք. ԳԱԱ–ն պատասխանել է Ադրբեջանին

Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները և դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են, և դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբևիցե խնդրահարույց չեն եղել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան` անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությանը։

Նշենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

«Նախ, անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ դրանք հետագայի հավելում են, ապա, ըստ հուշարձանների պահպանության ընդունված չափորոշիչների` այդ դեպքում ևս դրանց վերացումը մշակութային վանդալիզմ է, քանի որ հաջորդող դարերում արված ավելացումները տվյալ ճարտարապետական հուշարձանի պատմության անբաժանելի մասն են»,–ասված է ԳԱԱ-ի հայտարարության մեջ։

Բացի այդ, ակադեմիան նկատում է, որ Ադրբեջանում չկան քրիստոնեական մշակույթի ու հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, ինչի վկայությունն են իրենց իսկ հրապարակումները, որոնք սահմանափակվել են իսլամական ճարտարապետության ներկայացումով։

ԳԱԱ–ն վստահեցնում է, որ Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով հորինված որևէ արձանագրություն: Ավելին` լեզվական առումով ինչպես վիմագրերի, այնպես էլ ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ տեղի գրավոր խոսքում արտահայտվում են գրչության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները: Արցախի վիմական արձանագրություններում նկատելի են արցախյան բարբառի տարրերը, մինչդեռ անհնար է գտնել ենթադրյալ աղվաներենի որևէ հետք:

Ակադեմիան հիշեցնում է, որ հուշարձաններում, առհասարակ, ընդունված երևույթ է պատմության տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների արձանագրումը: Արցախյան հուշարձաններն այս առումով ևս բացառություն չեն, ուստի հետագա նորոգումների, նոր շինություններով համալրումների, նվիրատվությունների և այլ հիշարժան գործերի դեպքում կարևորվել է վիմագիր կազմելու ավանդույթը: Արցախի եկեղեցիների նման արձանագրությունները ևս վերաբերում են բացառապես հայկական միջավայրին և իրողություններին:

Հայտարարության մեջ ասվում է` զարմանալի է, որ Ադրբեջանի՝ կովկասյան ալբանացիներին վերաբերող հռետորաբանությունում կենտրոնական տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 200 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և բարոյական ծանրագույն հետապնդումների։

ԳԱԱ-ն գտնում է, որ Ադրբեջանը, համաձայն միջազգային հռչակագրերի և իր իսկ ստանձնած պարտականությունների, հանձնառու է անաղարտ պահել արցախահայության ժառանգությունը, պահպանել նրա իսկությունն ու ամբողջականությունը։