Ադրբեջանցի պատգամավորները «իրենցով են արել» իրանական Կապույտ մզկիթը

«Եվրանեսթ»-ի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներն այցելել են իրանական Կապույտ մզկիթ, լուսանկարվել, հրապարակել սոցցանցերի իրենց էջերում և ցինիկաբար գրառում արել՝  «յուրացնելով» իրանական  մզկիթը։

«Ինչքան մեզ հայտնի է, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած տաճարի պատերին նշումներ կան, որ այն պատկանում է  մեկ ուրիշ պետության, դրա ճարտարապետությունը, պատերն ու ոգին  հենց մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,-գրել է հարևան երկրի պատգամավորը։