Եթե չլինեին այդ հաղթանակները, Թուրքիան կներխուժեր Անդրկովկաս․ Դավիթ Բաբայան

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորել է փետրվարի 23-ի՝ Հայրենիքի պաշտպանի տոնի կապակցությամբ։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ փետրվարի 23-ի՝ Հայրենիքի պաշտպանի տոնի կապակցությամբ:

Արցախի պահպանողական կուսակցությունը միշտ էլ կարևորում է փետրվարի 23-ը:

Այդ տոնը նվիրական է եղել մեր ավագ, հաղթական սերնդի լեգենդար մարշալների, Պաշտպանության բանակի ստեղծողներից և մեր հաղթանակերի գլխավոր կերտողներից մեկի՝ գեներալ Իվանյանի, Մեծ Հայրենականին և Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 600.000 հայորդիների համար, որոնք ոչնչացրել են մարդկության ամենամեծ վտանգներից մեկը՝ նացիզմը:

Եթե չլինեին այդ հաղթանակները, Թուրքիան կներխուժեր Անդրկովկաս, և տեղի կունենար հայ ժողովրդի նոր, միգուցե վերջնական, ցեղասպանություն: Իսկ մենք գիտենք ինչ է Թուրքիան:

Մեր այդ հերոսական սերնդի դաստիարակած որդիները կերտեցին արցախյան փայլուն հաղթանակները:

Գլուխ ենք խոնարհում բոլոր նվիրյալների առջև, և նորից շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին:

Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին, պետությանը և Արցախի պահպանողական կուսակցությանը»։